ℹ️ Լոռու մարզպետը պարգևատրել է բազմազավակ ընտանիքին
______________________________
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր վանաձորցի բազմազավակ հայր Արեն Մոսինյանին և նրա ավագ որդուն: Ա. Մոսինյանը դաստիարակում է 7 որդի և միաժամանակ զբաղվում գործարարությամբ:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:
...Լոռու մարզպետը հետաքրքրվել է երեխաների առողջությամբ, ուսումնառությամբ, ընտանիքի սոցիալական վիճակով, շնորհավորել բազմազավակ ընտանիքին նախօրեին մկրտվելու կապակցությամբ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ:
Արամ Խաչատրյանը բարձր է գնահատել բազմազավակ ծնողների աշխատասիրությունը, ընտանիքի և երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքը:
«Աստված ձեզ շնորհել է 7 որդով սեղան նստելու երջանկությունը, մաղթում եմ, որ ձեր զավակներն անհոգ ապրեն, շարունակեն տարբեր բնագավառներում հաջողություններ գրանցել, լավ կրթություն ստանան և խաղաղ երկնքի տակ ապրեն: Դուք մեր մարզի օրինակելի ընտանիքներից մեկն եք»,- ասել է Ա. Խաչատրյանը:
Հանդիպման ավարտին Լոռու մարզպետը շնորհակալագիր և դրամական պարգև է հանձնել Մոսինյանների ընտանիքին՝ «պետականամետ, օրինակելի, բազմազավակ ընտանիք լինելու և հայրենիքի պաշտպանության համար ապագա 7 զինվոր կրթելու և դաստիարակելու համար»:
Ա. Մոսինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին մշտական աջակցության և ուշադրության համար:




