Իրանի արդյունաբերական և ծառայությունների ոլորտի ընկերությունները պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպման ժամանակ, կողմերը մտքերի փոխանակում են կատարել երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնին, շաբաթ օրը Թեհրանում հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ...հետ: Հանդիպման ժամանակ, Հոսեյնին անդրադարձել է պողպատի, կենցաղային իրերի, ավտոմեքենաների և սննդի արդյունաբերության ոլորտներում Իրանի հնարավորություններին, նշելով, որ երկրի արդյունաբերական և ծառայությունների ոլորտների ընկերությունները պատրաստ են զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը, հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունների ներկա ծավալը չի համապատասխանում գոյություն ունեցող հնարավորություններին, հավելելով. «Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելով, հնարավոր կլինի շրջանցել պատժամիջոցները և երկկողմ առևտրի ծավալը տարեկան 400 միլիոն դոլարից հասցնել մեկ միլիարդ դոլարի»:
Քերոբյանը հավելել է. «Հայ գործարարները պատրաստ են աջակցել Իրանից Ռուսաստան արտահանման գործընթացին: Սակայն անհրաժեշտ է համապատասխան տրանսպորտային ենթաառուցվածքները պատրաստել այդ գործընթացի համար»: