13- Իրանի բանբեր
***Իրանական Նոր Տարվա կարևոր անցուդարձերը սկսեցին պետականության առաջնորդ Խամենեու Մաշհադ քաղաք կատարած այցելությամբ և Ամանորի պատգամով։ Պրն Խամենեին Նովռուզին ավանդաբար այցելում է Մաշհադ, որը կրոնական կարևոր քաղաք է, այնտեղ է գտնվում շիա մուսալմանների ութերորդ իմամ՝ Ռեզայի դամբարանը, որը հռչակավոր սրբավայր է․ Մաշհադը նաև երկրի առաջնորդի ծննդավայրն է, նա ծնվել է Թավրիզ քաղաքից այստեղ գաղթած հոգևորականի ընտանիքում և պարբերաբար Մաշհադում ապրել է մինչև 1977 թվակա...նը։ Իսլամական պետության առաջնորդն այս տարին հռչակեց ներքին արտադրանքի քաջալերման և սպառման տարի, անուղղակիորեն ակնարկեց երկրին հուզող մի շարք հարցերի և հայտարարեց, որ երկրում կա խոսքի ազատություն։ Նախագահ Ռոհանին իր ամանորյան պատգամում ներկայացրեց իր կառավարության ձեռքբերումները, ցավ հայտնեց նախորդ տարվա դժբախտ պատահարների համար, անդրադարձավ անցած դեկտեմբեր ամսվա ցույցերին և դա հանդուրժելի համարեց պայմանով, որ նման ցույցերն օրինականության սահմաններում լինեն․ նա երկրորդեց երկրի առաջնորդի կոչը՝ քաջալերել ներքին արտադրանքը և օգտագործել հայրենական արտադրությունը։ Այս վերջին կոչի ներքո դեպի Իրան կատարվող արտահանումներն ավելի կդժվարանան և Հայաստան-Իրան տնտեսական կապերի հեռանկարը ևս կխաթարվի․ երկու երկրների միջև առայժմ գործում են հատուկենտ նախագծեր, ծաղկուն է ճամբրուկային բիզնեսը և կողմերը սպասում են Եվրասիական Տնտեսական Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման։
Իրանը նոր տարին սկսում է քաղաքական, տնտեսական ու ներքին և արտաքին բազում մարտահրավերներով։ Իրանական արտարժույթը սրընթաց անկում է ապրում և երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակում է․ գործարարները և բիզնեսը արևմուտքի և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քաղաքական հարաբերությունների կարգավորմանն են սպասում։ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կառավարություն հրավիրելով երկու առանցքային նոր դեմքեր՝ Ազգային անվտանգության խորհրդական և Արտաքին գործերի նախարար՝ Ջոն Բոլտոն և Մայք Պոմպեո, կարծրացրել է հակաիրանյան իր քաղաքականությունը։ Նախագահ Թրամփը սպառնացել է առաջիկա մայիս ամսին չհաստատել Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համապարփակ ծրագրի հերթական դիտարկումը, իսկ դա նշանակում է Իրանի դեմ ծանր պատժամիջոցների վերսկսում։ Համաձայնագիրը ստորագրած Եվրոպական երկրները մինչ այդ փորձում են Եվրոմիության անունից նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որպեսզի սահմանափակեն նրա հրթիռային փորձարկումները և՝ գործուն մասնակցությունը արաբական երկրների ներքին հարցերում։ Սրանով նրանք աշխատում են նաև փարատել ԱՄՆ Սպիտակ տան մտահոգությունները, որոնց պատճառով վերջինս սպառնացել է հետ վերցնել իր ստորագրությունը 2015 թվականին կնքված այդ կարևոր ծրագրից։
Տոնական օրերին նախագահ Ռոհանին այցելեց Թուրքմենիա և Ադրբեջան․ նա այս երկրների ղեկավարների հետ տարածաշրջանային և միջազգային հարցեր քննարկեց և կարևորեց տնտեսական ու մշակութային համագործակցության ծավալումն ու ամրապնդումը․ Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն կողմերը Բաքվում համագործակցության ութ համաձայնագիր են ստորագրել, երկու երկրների նախագահները կատարել են «Դենա» մեքենաշինության համատեղ գործարանի և Արաքսի երկու ափերը միմյանց միացնող երկաթգծի բացումը․ կողմերը Ադրբեջանի Նաւթչալա շրջանում հիմնել են տարեկան տաս հազար ավտոմեքենա արտադրելու հզորությամբ մեքենաշինության գործարան և Աստարա սահմանային կետում միացրել են իրենց երկաթգծերը։ Իրանը նախատեսում է գործարկել Հնդկական օվկիանոսին հարող իր Չահբահար նավահանգիստը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանին և Եվրոպային միացնող երկաթգիծը։ Նախագահ Ռուհանին շուտով Անկարայում մասնակցելու է նաև Սիրիական հարցով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հերթական հանդիպման։
*** Իրանի հերթական էքս-նախագահներից հիմա էլ Ահմադինեժադն է անցել ընդդիմության շարքերը․ նա բաց նամակներ է գրում երկրի առաջնորդ Խամենեուն և կատաղի քննադատություններ է կատարում հատկապես դատական համակարգի հասցեին։ Պետական միջոցների յուրացման մեղադրանքով տասնհինգ տարվա բանտարկության է դատապարտվել Ահմադինեժադի ժամանակ փոխ-նախագահ աշխատած Բաղային, կալանված է նրա մյուս թիմակից Մաշային, պատասխանատվության են կանչվել ևս տաս պաշտոնյա։ Մեղադրական եզրակացության համաձայն Բաղային յուրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների բանակի կողմից Աֆրիկյան մի շարք երկրներին հատկացվելիք մոտ հինգ միլիոն եվրո նվերը։ Ահմադինեժադը այդ բանակի արտասահմանյան աշխատանքների գծով տեղակալ՝ Սոլեյմանիին խնդրել է դատարանում հերքել այդ մեղադրանքը։ Փորձագետների կարծիքով առաջնորդ Խամենեին դեռևս թույլ չի տալիս կալանել էքս-նախագահին, քանի որ դա հղի է նոր բարդություններով։ Իրանական Ամանորի երկշաբաթյա արձակուրդն ավարտվեց Իսլամական հեղ․ պահապանների բանակի խիստ հայտարարությամբ, որն արվեց Իսլ․ պետության հիմնադրման քառասունամյակի նախօրյակին (01 ապրիլի 1979-ի հանրաքվե)․ բանակը հայտնում է, որ «Հեղափոխության քառասունամյակն ի հեճուկս թշնամիների ցանկության՝ Իրանի իսլամական հանրապետության ամենապայծառ տարին կլինի»։
(Լուսանկարում Իրանի և Թուրքմենիայի նախագահներ):